Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը մասնակի բավարարել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության միջնորդությունը և նրան 1 տարի, 8 ամիս, 3 օր ժամկետով ազատազրկելու որոշում է կայացրել։
Դատավորը նշել է, որ Առուշանյանի նկատմամբ 2022 թվականի մարտի 28-ի դատվաճռով նշանակված՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելու պատիժը 1 տարի, 8 ամիս, 3 օր ժամկետով ազատազրկման փոխարինելու որոշում է կայացրել։
Օգոստոսի 21-ին Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել էր կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Օգոստոսի 22-ին Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք ներկայացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 27-ին դատարանը մերժել էր ԱՆ պրոբացիոն ծառայության դեմ Առուշանյանի բողոքը։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։