Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար տիար Վահե Գաբրաշին, ով Սուրբ Էջմիածին էր այցելել Մայր Աթոռին ընծայաբերելու համաքրիստոնեական սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու (III-IV դ․) մասունքը, հայտնում են Մայր Աթոռից։
«Նորին սրբությանը փոխանցելով հայազգի սրբի մասունքարանը՝ տիար Գաբրաշը ուրախությամբ ընդգծել է, որ այն Սուրբ Էջմիածնին է նվիրաբերում Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման պատմական առիթով։ Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձր է գնահատել վերջինիս հավատարմությունն ու նվիրումը Սուրբ Էջմիածնի հանդեպ»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի՝ Վեհափառ հայրապետը գոհունակությամբ է արձանագրել այն օգտաշատ ծառայությունները, որոնք մեծանուն բարերարը շարունակաբար մատուցում է հայրենիքին և հայոց եկեղեցուն։
Սուրբ Վլաս եպիսկոպոսի մասունքարանը ի պահ է հանձնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը, այցելուները հնարավորություն կունենան հաղորդակից դառնալու սրբի մասունքներից ճառագող օրհնությանը։
Ըստ ավանդության, Սուրբ Վլասը 971 թվականին խորվաթական Դուբրովնիկ քաղաքի բնակիչներին փրկել է վենետիկցիների բռնազավթումից, որոնք օրեր շարունակ աղոթքով դիմել էին իրեն։ Դուբրովնիկի Սուրբ Վլաս եկեղեցում են այսօր պահվում սրբի գլուխը, կոկորդը, աջ և ձախ ձեռքերն ու ոտքը, նրա պատկերը կարելի է տեսնել նաև քաղաքի դրոշի վրա։
ՆԳՆ-ն արագացրել է Արցախի բնակիչներին ՀՀ քաղաքացիություն տալու ընթացակարգը
Լեռնային Ղարաբաղից փախստականի կարգավիճակ ստացած հարկադիր միգրանտները արագացված ընթացակարգով կկարողանան Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Դրա համար...