ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Հրազդան» ՋԷԿ-ի տարածքում գործող ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների համադրության արդյունքում նշված օբյեկտն անվտանգ չէր և փաստացի չէր կարող շահագործվել։
Ըստ ՔՏՀԱ տեսչական մարմնի՝ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը մարտի 11-ին դիմել է իրենց՝ Հրազդան քաղաքի Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և N2 մասնաշենքերի ավարտված շինարարության փաստագրման նպատակով թեկնածու տրամադրելու համար։
«Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024թ․ ապրիլի 8-ին օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել էր, որ առկա են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ և որոնցից ամենակարևորն է, որ վերակառուցված օբյեկտը հանդիսանալով որպես արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ), ստուգման պահին գրանցված չէր ՀՀ ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, չէր անցել ամենամյա փորձաքննություն և չէր ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև օբյեկտում բացակայել էր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արդյունքում՝ տրվել էր նշված օբյեկտի շինաշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։ 2024թ․ մայիսի 15-ին ընկերությունը դիմել էր Տեսչական մարմնին, և իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ նախկինում արձանագրված խախտումներն ընկերության կողմից չեն վերացվել։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, կա 5 տուժած։ Պայթյունի դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով):
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է։ Նրա խոսքով՝ տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է և վիրահատվում է։