Մեկ օրում ՀՀ 3 քաղաքացի կեղծ զանգերին հավատալով՝ խաբեբաներին 16․700 դոլար է փոխանցել, տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Սեպտեմբերի 10-11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանությունը 11 ահազանգ է ստացել։ 3 դեպքով քաղաքացիների կողմից փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար»,- մանրամասնել է Սարգսյանը։
Խարդախության զոհ չդառնալու համար ՆԳՆ-ն զգուշացրել է քաղաքացիներին չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը։
Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ավելի քան 100 քաղաքացուց խուճապ առաջացնող զանգերի միջոցով գումարներ են հափշտակել։ Հաղորդումների առթիվ նախաձեռնվել էին քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով (խարդախությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։