«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի մետաղաձուլարանում 1 մարդու կյանք խլած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում 5 տուժածից 2-ը հարցաքննվել է, հայտնի է պայթյունի նախնական պատճառը, տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
«Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 5 քաղաքացիները և զոհվածը տվյալ օբյեկտը շահագործող ընկերության աշխատակիցներ են»,- հավելել են ՔԿ-ից։
5 տուժածից 3-ի հետ առողջական վիճակի պատճառով հարցաքննություն չի իրականացվել։
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, պայթյունից տուժած 5 քաղաքացիները և պայթյունից զոհվածը տուժող են ճանաչվել։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, դատապայթունատեխնոլոգիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
ՀՀ ՆԳՆ-ն սեպտեմբերի 10-ին հայտնել էր, որ «ՀրազՋԷԿ»-ի ձուլարանի պայթյունի հետևանքով մահացել էր 1978-ին ծնված Է. Հ-ն: ՔԿ-ն նույն օրն ավելի ուշ պայթյունի դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով):