Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել տեսչական մարմինների եզրակացություններին չհետևելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանել։ Նա պատասխանել է «Հրազդան» ՋԷԿ-ում և այլ տեղերում տեսչական մարմնի եզրակացությանը չհետևելուց հետո տեղի ունեցած պատահարների մասին հարցին։
Նրա խոսքով՝ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի այն մարդը, ով տեսչական ակտն ստացել է, պաշտոնապես իրազեկվել է և, ի հեճուկս դրա, փորձանքի պատճառ է դարձել։
Ըստ Փաշինյանի՝ տվյալ դեպքում մի քանի անգամ վարչական պատասխանատվությունից հետո պետք է քրեական պատասխանատվություն նախատեսել։
«Հիմա մենք այդ կարգավորումն արե՞լ ենք, թե՞ չենք արել։ Չգիտեմ ինչի՝ չենք արել»,- ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ տեսչական մարմինը խախտումների մասին արձանագրումն անում է տվյալ ընկերության սեփականատիրոջ, տնօրենի, աշխատողի համար, և պետությունը չի կարող բոլոր տեղերում ոստիկանական պահախմբեր պահել։ Ըստ Փաշինյանի՝ նոր վերահսկող մարմին ստեղծելը ծախսատար է ու ոչ արդյունավետ։
«Պատկերացնո՞ւմ եք, այդ հսկող ու վերահսկող մարմնի աշխատակիցներին ինչքա՞ն աշխատավարձ ենք տալու, քանի՞ նոր հաստիք ենք բացելու, ո՞վ է վճարելու նրանց։ Պետք է պատասխանատվության մեխանիզմը փոխել»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, կա 5 տուժած։ Պայթյունի դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով): ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Հրազդան» ՋԷԿ-ի տարածքում գործող ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն էր տրամադրել։
Մանրամասները՝ տեսանյութում։