Եթե ԱՄՆ-ի հետ շրջանառությունը լիներ 80%, կրկին կխոսեի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա այսպես է մեկնաբանել Armenia Today-ի հարցն այն մասին, թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում լուծել ՌԴ-ի հետ տնտեսական խնդիրների ու ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու պարագայում առաջացած խնդիրները։
«Մեզ համար տնտեսական դիվերսիֆիկացիան տնտեսական անհրաժեշտություն է՝ հետևյալ տրամաբանության մեջ․ առհասարակ՝ կապ չունի, թե մեր երկրի առևտուրը որ երկրի հետ ինչքան կլինի։ Եթե մեր երկրի առևտուրն ԱՄՆ-ի հետ լիներ 80%, մնացած աշխարհի հետ 20, ես կրկին կխոսեի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին։ Կլիներ դա ՌԴ-ն, Չինաստանը, թե Ֆրանսիան՝ ես նորից կխոսեի»,- ասել է նախարարը։
Ըստ Պապոյանի՝ դիվերսիֆիկացիայի իմաստով ինքնաբավ երկիր չկա։ Այս գործընթացում ինչքան շատ տարբերակներ ես ունենում, այնքան տնտեսական անվտանգությունը գտվում է բարձր մակարդակի վրա։
Հուլիսին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ դիվերսիֆիկացիան շատ կարևոր է ՀՀ-ի դիմակայության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային առումով, իսկ ժողովրդավարությունը, միանշանակ, բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը։