Կառավարությունից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը, հայտնում է «Փաստինֆո»-ն։
«Աշխատանքային օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների հետ կապված և որոշակի աշխատողին վերաբերող՝ գործատուին անհրաժեշտ տեղեկությունները համարվում են աշխատողի անձնական տվյալներ։ Այսինքն՝ աշխատանքի կազմակերպման, պաշտոնավարման ժամկետների, պաշտոնի փոփոխության կամ առաջխաղացման, պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ աշխատողի կամ գործատուի նախաձեռնությունների, առաջարկների կամ դրանց բացակայության վերաբերյալ տվյալները հանդիսանում են գործատուի կողմից տնօրինվող աշխատողի անձնական տվյալները, որոնց փոխանցումը երրորդ անձանց սահմանափակված է նույն օրենսգրքի 134-րդ հոդվածով»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել են կառավարությունից՝ հավելելով, որ Կիրակոսյանը ներկայումս զբաղեցնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը և իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները։
Ըստ թերթի՝ թեև Կիրակոսյանը արձակուրդից վերադարձել և մասնակցում է կառավարության նիստերին, այդուհանդերձ, ակտիվություն՝ որպես այդպիսին, նկատելի չէ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օգոստոսի 31-ի ասուլիսում հայտարարել էր, թե իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը Արցախ, մինչդեռ Հաագայի դատարան ներկայացված դիմումները հենց այդ իրավունքի իրացմանն են վերաբերում։
Հունիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Aysor․am-ին հերքել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած տեղեկությունը, ըստ որի՝ «Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից»։ Անդրադառնալով միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջին՝ նրանք նշել էին, որ «այս պահին նման որոշում չկա»։