Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը տնտեսության բոլոր ոլորտներում դինամիկ և հաջող է ընթանում, Երևանում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Հայաստանում։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Օվերչուկը Երևանում կայացած հանդիպումից հետո պայմանավորվել են, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մոտ ապագայում ՌԴ-ում։
Նշվում է, որ հանձնաժողովի համանախագահներ Գրիգորյանը և Օվերչուկը քննարկել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը:
«Վստահ եմ, որ այսօրվա հանդիպման ընթացքում մենք կմշակենք գործնական համատեղ քայլեր, որոնց իրականացումը կապահովի մեր երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը»,- նշել է Գրիգորյանը:
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ 2023 թվականին երկու երկրների միջև առևտուրն աճել է 55,8 տոկոսով՝ մինչև 7,4 միլիարդ դոլար։
«Այս տարի աճն արագացել է։ Միայն 2024թ․ առաջին կիսամյակում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,4 մլրդ դոլար։ Մինչև տարեվերջ մենք կարող ենք հասնել 14-16 միլիարդ դոլարի մակարդակին։ 2020 թվականին ունեցել ենք 2,3 միլիարդ դոլար»,- ասել է նա։
Սեպտեմբերի 13-ին Օվերչուկին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ քննարկվել էին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև երկկողմ ձևաչափով համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ձևաչափով փոխգործակցության հարցեր։