Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Բուդապեշտում անցկացվող համաշխարհային 45-րդ օլիմպիադայում երրորդ անընդմեջ հաղթանակներն են գրանցել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ֆեդերացիան մանրամասնում է, որ Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Բրազիլիայի ընտրանու նկատմամբ: Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը: Հայկ Մարտիրոսյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Հունգարիայի երկրորդ հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ, տղամարդկանց հավաքականը՝ 3:1 հաշվով հաղթել էր Անդորրայի ընտրանուն:
Օլիմպիադան մեկնարկել է սեպտեմբերի 10-ին և կանցկացվի մինչև 23-ը։