Հայաստանի ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանը հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ-ն իր «Սու-30» կործանիչների արդիականացմանն աջակցելու նպատակով դիմել է Հնդկաստանին, նա այդ մասին հայտնել է Hindustan Times-ին։
«Մենք դիտարկում ենք մեր «Սու-30» կործանիչների արդիականացման հնարավորությունը Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության օգնությամբ, քանի որ այն մեծ փորձ ունի այդ ոլորտում»,- պարբերականին ասել է գնդապետը՝ Tarang Shakti օդային մարտական զորավարժությունների շրջանակում, որոնք անցկացվել են Ջոդհպուր քաղաքի ավիաբազայում։
Հնդիկ բարձրաստիճան պաշտոնյան, որը պարբերականին խնդրել է չհրապարակել իր անունը, վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը «Սու-30»-ի արդիականացման հարցում:
«Այդ կապակցությամբ որոշ բանակցություններ են ընթանում, բայց դրանք նախնական փուլում են»,- նշել է պաշտոնյան։
The Print-ը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, սեպտեմբերի 14-ին գրել էր, որ Հայաստանը ձգտում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը և այդ հարցով դիմել է Հնդկաստանին։
Օգոստոսի 8-ին Հնդկաստանը հայտարարել էր մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-25թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը։ The Economic Times-ն ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից՝ Bharat Dynamics արտադրող ընկերությունից: