Իրանի խորհրդարանի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել արձագանքել «Զանգեզուրի միջանցքի» բացմանն աջակցող Մոսկվայի հայտարարություններին, հայտնում է ISNA-ն։
«Մեզ մի կողմից մեղադրում են ուկրաինական պատերազմում ռուսներին աջակցելու մեջ, իսկ մյուս կողմից՝ ռուսները բարձրաձայնում են երեք կղզիների մասին՝ ասելով, որ դրանք պատկանում են ԱՄԷ-ին։ Բացի այդ, նրանք միջամտում են Ադրբեջանին և Հայաստանին առնչվող հարցերին, ինչը լիովին անընդունելի է։ Ես խնդրում եմ իմ սիրելի եղբորը՝ Փեզեշքիանին, լրջորեն վերաբերվել այս հարցին և ակտիվորեն միջամտել իրավիճակին»,- ասել է նա Իրանի խորհրդարանի նիստում։
Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը նաև կոչ է արել դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին լուրջ նախազգուշացում փոխանցել։ Նրա խոսքով՝ այն, ինչ «ռուսները վերջերս բեմադրել էին իրանական կղզիների և Զանգեզուրի միջանցքի շուրջ», Իրանի ժողովրդի համար բացարձակապես անընդունելի է։
Ավելի վաղ Մալեքին Ռուսաստանի քաղաքականությունն Իրանի նկատմամբ անվանել էր «հակասական»՝ նշելով Ռուսաստանի «երկակի ստանդարտները» տարածաշրջանային հարցերում։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 30-ին Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ասել էր, որ Իրանը «Զանգեզուրի երթուղին» վնասակար է համարում Հայաստանի համար և շարունակում է հավատարիմ մնալ այս դիրքորոշմանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 19-ին ասել էր, որ Երևանը սաբոտաժ է անում Հայաստանի Սյունիքի մարզով հաղորդակցության մասին համաձայնագիրը։ Ավելի ուշ Իրանի ԱԳՆ Եվրասիական դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը դեմ էր արտահայտվել միջազգայնորեն ճանաչված ցանկացած փոփոխության։