Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ջերմացում կամ փոփոխություն չեմ տեսնում, Armenia Today-ին ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «չի կարելի այլ երկրների մասին խոսել վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ-ի»։ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Հայաստան, որի ընթացքում կողմերը քննարկել էին համագործակցությունը տնտեսական ոլորտում։
«Այն ջերմացումը, որի մասին գրում են մամուլում, չեմ տեսնում։ Փաշինյանի ասուլիսում կային հայտարարություններ, որոնց մի մասը կարելի էր ընկալել որպես ռուսամետ, մյուս մասը՝ հակառուսական։ Այս դեպքում սխալ է ընկալել, թե քաղաքականությունը փոխվում է։ Երբ Փաշինյանն ասում է՝ չի կարելի Ռուսաստանի մասին վատ խոսել, բայց իշխանության կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում նույնիսկ մեկ օր չեն դադարել հակառուսական տրամադրություններ տարածել, հարց է ծագում․ նա այդ ուղերձը պետք է աներ հրապարակայի՞ն, թե՞ պետք է դիմեր այն մարդկանց, որոնց ձեռքն ամեն օր կամ մի քանի շաբաթը մեկ սեղմում է։ Գուցե նրանց խնդրեր, որ դադարեցնե՞ն հակառուսական քարոզչությունը։ Խոսքս փորձագիտական ու քաղաքական հանդիպումների մասին է, որոնք հաճախ ունենում է հակառուսական ուժերի՝ պսևդո ընդդիմության հետ»,- նշել է քաղաքագետը։
Միքայելյանի կարծիքով՝ ՌԴ-ին ուղղված հրապարակային մեսիջի նպատակը Ռուսաստանի դիրքորոշումը մեղմացնելն է, բայց բովանդակային փոփոխություն չկա։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարությունն իրավիճակային է։
«Այս կառավարությունը շատ նրբորեն արձագանքում է ուկրաինական ճակատում Ռուսաստանի գործողություններին։ Երբ ՌԴ-ն 2022-ի սեպտեմբեր- հոկտեմբերին լուրջ անհաջողություններ ունեցավ, Փաշինյանը կողմնորոշվել էր Բրյուսելի միջոցով Արցախը հանձնել։ Հիմա, երբ ուկրաինական ճակատում Ռուսաստանն է հաջողություններ ունենում, Փաշինյանը փորձում է մեղմացնել տոնը, այն էլ՝ հատվածական։ Ես չեմ կարող սա ընկալել որպես քաղաքականության փոփոխություն։ Կարող ենք ընկալել որպես տոնի փոփոխություն, բայց գերագնահատել՝ ոչ։ Հարաբերությունների մակարդակով փոփոխություն չեմ տեսնում»,- հավելել է քաղաքագետը։
Միքայելյանը չի կարծում, թե ՌԴ-ի աջակցությամբ հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում լուծել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, ինչի մասին երևանյան այցի ժամանակ ասել էր Օվերչուկը։
«Փաշինյանի օրոք իրադարձությունների նման զարգացում չի կարող տեղի ունենալ, քանի որ Փաշինյանը ներկայացնում է արևմտամետ կառավարություն։ Դա չի կարող տեղի ունենալ նաև հայամետ կառավարության օրոք։ Այն հնարավոր է միայն ռուսամետ կառավարության դեպքում, որովհետև եթե Ռուսաստանը վերահսկում է կոմունիկացիաները, ապա Հայաստանի վերահսկողությունը սահմանափակ է։ Կարող ենք ուրիշ բառերով կոչել, բայց խոսքը միջանցքի մասին է, որը Թուրքիան է ցանկանում։ Միևնույն ժամանակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեջբերելն այլևս անիմաստ է։ ՌԴ փոխվարչապետի կողմից այն մեջբերելը ցույց է տալիս, որ Ռուսաստանը շատ թույլ խաղաքարտեր ունի։ 2023-ի սեպտեմբերից հետո նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մասին խոսելը տեղին չէ»,- նկատել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ ապաշրջափակման, խաղաղության պայամանագրի շուրջ քննարկումները երկրորդական են, քանի որ գոյություն ունի մեծ պատկեր՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա հարաբերակցություն։
«Թուրքիան տասնամյակներով փորձում էր վերականգնել վերահսկողությունն Ադրբեջանում, ձեռք բերել ազդեցություն ամբողջ Հարավային Կովկասում։ 2020-ի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Թուրքիան մասնակիորեն կարողացել է դա անել, ինչի հետ Ռուսաստանը, դե ֆակտո, համաձանել է՝ զիջելով տարածաշրջանի գերիշխանությունը Թուրքիային։ Մինչդեռ Իրանն ընդվզում է այս ամենի դեմ, իսկ Ռուսաստանն ուզում է տեղավորվել այն տրամաբանության մեջ, որ տարածաշրջանում Թուրքիան է գերիշխում։ Երբ այս մեծ պատկերը հասկանում ենք, հասկանալի է դառնում նաև Իրանի ու ՌԴ-ի միջև անհամաձայնությունը»,- ընդգծել է Միքայելյանը։
Միքայելյանը կարծում է, որ խաղաղության պայմանագիր կոչվածն ընդհանրապես ձեռնտու չէ Հայաստանին։ Նրա խոսքով՝ անլուրջ է այն կոչել խաղաղության պայմանագիր, քանի որ դրանով Հայաստանի դեմ նոր կապիտուլացիա են պատրաստում։
Ադրադառնալով պայմանագրի կետերի շուրջ համաձայնության, մեկ կետի մասով անհամաձայնության մասին հայտարարություններին՝ քաղաքագետը նշել է, որ դրա ստորագրումն առաջիկայում հնարավոր չէ։
«Դիվանագիտական ասացվածք կա․ եթե չի համաձայնեցվել ամեն ինչ, ուրեմն չի համաձայնեցվել ոչինչ։ Բացառված է առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- եզրափակել է Միքայելյանը։
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրում կա մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ, 3 հոդված համաձայնեցված է մասնակի։ Նա նշել էր, որ ՀՀ-ն առաջարկել է ստորագրել պայմանագիրը, քանի որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։
Աննա Բադալյան