ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները կդադարեցվեն, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով ԲԴԽ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ԲԴԽ-ում ներքին քննարկման ժամանակ կարծիքներ են հնչել, որ նրան պետք է համակարգից հեռացնեն: Թերթը հիշեցրել է, որ 2024 թվականի ընթացքում երկրորդ անգամ դատավոր Միսակյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվում։
Առաջին անգամ այս տարվա ապրիլի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը, Միսակյանին կարգապահական պատասխանատվության էր ենթարկել՝ հայտարարելով խիստ նկատողություն:
«Դատելով իրավիճակից՝ երկրորդ վարույթը դատավորի համար ճակատագրական ավարտ կունենա»,- նշել է թերթը։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը մայիսի 31-ին արդարացրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ «վառելանյութի գործով» հանցակազմի բացակայության հիմքով, որով նրան մեղադրում էին պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:
Սարգսյանի գործը վերաբերում էր վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական նախկին օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը)։
Նույն հոդվածով անցնում էին «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։ Նրանք նույնպես արդարացվել են։