Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը հայ ժողովրդի ինքնության դրոշմն է։ Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, 12 տարի տևած վերանորոգման ծրագրից հետո հենց այս կարգախոսով է պատրաստվում քրիստոնեական աշխարհի առաջին Տաճարի վերաօծման արարողությանը։
Տաճարի վերաօծմանը նախորդելու է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին։
Վարպետները վերականգնել են Տաճարի գեղեցկությունը
Մայր Տաճարը կառուցվել է 301-303 թվականներին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով։ Նա երազում տեսել է, որ Հիսուս Քրիստոսը, լուսեղեն հրեշտակների գնդերով երկնքից իջել է Արարատյան դաշտ՝ քաղաքամայր Վաղարշապատ, ոսկե մուրճով հարվածել գետնին՝ ցույց տալով այն վայրը, որտեղ պետք է հաստատվեր Աստծո Տաճարը՝ բոլոր հավատացյալների աղոթքի տունը և Հայոց Հայրապետական Աթոռը։
Բազմադարյա իր պատմության ընթացքում Մայր Տաճարը մի քանի անգամ վերանորոգվել է ու շքեղազարդվել հայոց կաթողիկոսների, իշխանների, Խորհրդային Հայաստանի, ազգային բարերարների նվիրատվություններով։ Վերջին նորոգումը տեղի էր ունեցել 17-րդ դարում։ 2012-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ սկսվեց Մայր Տաճարի համակողմանի հիմնարար նորոգումը՝ ազգային-եկեղեցական բարերարների, նվիրատուների օժանդակությամբ։ Վերանորոգումն ավարտին հասավ 2024-ին։ Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ եկեղեցու ներկայացուցիչները լրագրողներին հրավիրել էին շրջայց կատարել վերանորոգված Տաճարում։
Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը շրջայցի ժամանակ հայտնեց, որ վերոնորոգման աշխատանքներն սկսվել են Տաճարի հիմնահատակից ու ավարտվել մայր գմբեթի խաչով։
«Այն գեղեցկությունը, որը տեսանելի չէր տարիների ընթացքում կուտակված մրի ու ծխի արդյունքում, մեր վարպետների շնորհիվ բացվել է։ Ոմանք որմնանկարները պառկած են նկարել, ոմանք՝ տախտակամածի վրա, որ կարողանան ավելի քան 1700 տարիների պատմություն ունեցող շքեղ Տաճարը նորովի ներկայացնել հանրությանը»,- ասաց արքեպիսկոպոսը։
Սրբազանը շեշտեց, որ Մայր Տաճարը նորոգվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու ՀՀ ներքին օրենքների համպատասխան։
«Մայր Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Նորոգման համար նախատեսված յուրաքանչյուր շինանյութ, ցանկացած դետալ կիրառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ-ում գործող օրենքների պահանջներին համապատասխան»,- հավելեց նա։
Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի նախաշեմին՝ 2000 թվականին, Գարեգին Բ-ի և ՀՀ կառավարության ձեռնարկությամբ Սուրբ Էջմիածինն ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Բուժել են Տաճարի ողնաշարը
Մայր Տաճարը վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի խոսքով՝ 12 տարիներից 6-ը հետազոտական և նախագծման փուլն էր, հաջորդ 6 տարիները՝ բուն շինարարության։
«Ամրակայման բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել։ Մայր Տաճարի ապամոնտաժված խաչը խիստ քայքայված վիճակում էր։ Նոր բրոնզաձույլ խաչը կրկնօրինակը չէ, բայց ոճական և չափերի տեսանկյունից նման է ապամոնտաժված 17-րդ դարի խաչին»,- ասաց ճարտարապետը։
Բադիշյանը նշեց, որ Տաճարի առանձին հատվածներ վթարային վիճակում էին։
«Նման վիճակում գտնվող Տաճարի հետ աշխատանքը բարդ էր։ Վերանորոգման առաջին օրվանից ասում էի՝ երանի գա այն օրը, երբ մարդիկ այցելեն Մայր Տաճար, նայեն ու ասեն՝ ոչինչ էլ արված չէ։ Տաճարի ոչ մի հանգույցում պատմական ժառանգության ոչ մի դետալ չի փոխվել։ Պարզապես բուժել ենք Տաճարի ողնաշարը»,- հավաստիացրեց նա։
Armenia Today-ին ճարտարապետն ասաց, որ շինարարական բուն գործընթացն իրականացրել է «Հորիզոն-95» շինարարական կազմակերպությունը։ Նրա խոսքով՝ ընթացքում ենթակառուցվածքների համար անհրաժեշտ մասնագիտական այլ խմբեր են միացել աշխատանքներին։
Շրջայցից հետո Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և հրատարակությունների ու միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։
Մյուռոնը և Տաճարը՝ ինքնության առանցքային խորհրդանիշներ
Արշակ Սրբազանը խոսել է Մյուռօնօրհնության և Տաճարի վերաօծման նշանակության մասին։
«Իրադարձությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր եկեղեցական կյանքում։ Մայր Տաճարը հաճախ քրիստոնեական ինքնության դրոշմ է ներկայացվում։ Բայց իրականության մեջ այն ավելին է, քան քրիստոնեական ինքնության դրոշմը։ Մայր Տաճարի կառուցումը կապված է Նոյ նահապետի, այնուհետ Հայկ նահապետի հետ, և այդ սրբությունը նվիրագործվել է Գրիգոր Լուսավորչի կողմից։ Ես սա շեշտադրում եմ նրա համար, որպեսզի պարզ լինի, որ այն արհեստական ջրբաժանը, որը փորձ է արվում ստեղծել նախաքրիստոնեական և քրիստոնեական հայերի միջև, կեղծ է։ Միաստվածությունը մեր հայկական ինքնության բաղադրիչ մասն է»,- մանրամասնեց Արշակ սրբազանը։
Մյուռոնօրհնությունը, նրա խոսքով, ևս մեր ինքնության անբաժանելի մասն է։
«Ասում են՝ «քանի դեռ մյուռոնը չի ընդունել, չհայացավ»։ Մյուռոնը և Տաճարը մեր ընդհանրական միության կարևորագույն և մեր ինքնության առանցքային խորհրդանիշներից ու դրոշմներից են, ուստի միջոցառումների կարգախոսն «ինքնության դրոշմն» ենք ընտրել»,- հավելեց սրբազանը։
Armenia Today-ի հարցին ի պատասխան, թե Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը և Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մասնակցելո՞ւ են արարողություններին, Արշակ արքեպիսկոպոսը նշեց, որ Նուրհան պատրիարքի մասնակցությունն առողջական խնդիրների պատճառով հնարավոր չէ:
Նա ասաց, որ Արամ Ա Կաթողիկոսի հնարավոր այցի հարցը քննարկվում է՝ վերջնական և սպառիչ պատասխան դեռ չունեն։
«Սահակ պատրիարքը մասնակցելու է միջոցառումներին»,- հավելեց արքեպիսկոպոսը։
Սրբազանը նշեց, որ արարողություններին հնարավոր է լինելու մասնակցել հրավիրատոմսերով։ Նրա խոսքով՝ Մայր Տաճարի ամբողջ տարածքը բաց է լինելու և հավատացյալները հնարավորություն են ունենանալու տեղադրված էկրանների միջոցով հետևել արարողությանը։
«Ցավոք, քաղաքացիներն այդ միջոցառումների անցկացման ոչ բոլոր վայրերում են հնարավորություն ունենալու լինել, բայց Մայր Տաճարի ամբողջ բակային տարածքն այդ օրերին բաց կլինի, հավատացյալները հնարավորություն կունենան արարողություններին հետևել այնտեղ տեղադրված էկրանների միջոցով, իսկ որոշ տեղերում նաև հարակից հասանելի տարածքներից»,- ասաց նա։
Արքեպիսկոպոսի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլորը հնարավորություն կունենան մոտիկից հետևելու միջոցառումներին, վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա ամբողջ ընթացքում՝ երեկոյան ժամերին, Մայր տաճարում Գարեգին 2-րդ կաթողիկոսի կողմից պատարագներ կմատուցվեն։
Մայր Աթոռը հրավիրատոմսեր է ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, պետությունների ղեկավարներին առանձին հրավերներ չեն ուղարկել։
«Մայր Տաճարի վերաօծմանն օտարերկրյա որևէ նախագահի մասնավոր հրավիրել չենք ուղարկել»,- ասաց Նաթան արքեպիսկոպոսը։
Նա հավելել է, որ արարողություններին Սփյուռքից մեծ թվով հյուրեր են հրավիրել, որոնց թվում են քրիստոնեական տարբեր երկրների քույր եկեղեցիների, ինչպես նաև սկանդինավյան երկրների բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Աննա Բադալյան