Պետք է ավելացնենք բարեկամների թիվը և քչացնենք թշնամիներին, Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը։
«Պետք է մեր ռազմավարությունն ունենանք։ Չպետք է վստահենք Ռուսաստանին, ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային, պետք է միայն մեր ուժին վստահենք»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ պետք է թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատել։
«Անշուշտ, Թուրքիայի վրա բարկացած ենք, ես էլ բարկացած եմ, բայց չպետք է աչքերս փակեմ»,- շեշտել է նախկին պատգամավորը։
Փայլանը Հայաստանի տնտեսության զարգացումը կապել է Թուրքիայի հետ սահմանը բացելու հետ։ Բայց դրա համար, նրա խոսքով, պետք է նաև Թուրքիայի շահը համընկնի։
Խոսելով Սփյուռքի մասին՝ նախկին պատգամավորը, կոչ է արել ուժերը կենտրոնացնել ապագայի, ոչ թե անցյալի վրա։
«Սփյուռքում բոլորս միասնաբար պայքարում ենք արդարության համար։ Պետք է միասնաբար իրար համոզենք, թե որն է հայանպաստ քաղաքականությունը, որը, իմ կարծիքով, բարեկամների ավելացնումն է»,- հավելել է նա։