ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել, քննչական գործողությունների արդյունքում 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ում նախաձեռնել են քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով)։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ շուրջ երեք տասնյակ խուզարկություններ, հարցաքննություններ են իրականացրել։
«Բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՔԿ տվյալներով՝ 7 անձ իշխանությունը զավթելու նպատակով 220,000 ռուբլի վճարի դիմաց 2024 թվականի ընթացքում հավաքագրել է ՀՀ մի շարք քաղաքացիների և ԼՂ մի շարք նախկին բնակիչների: ՔԿ-ից նշել են, որ հավաքագրումն իրականացրել են «ՌԴ եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով»։
«Հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են ՌԴ Դոնի Ռոստով քաղաք, ապա փոխադրվել այլ վայր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ: Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անցկացրել են մարտ վարելու պարապմունքներ»,- հավելել են ՔԿ-ից։
ՔԿ-ն տեղեկացրել է նաև, որ «վարժանքների նպատակը ՀՀ վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է, ինչի նպատակով Հայաստանը մաքրելու և փրկելու կոչեր են հնչեցրել»։
«Հավաքագրված անձանց մի մասի կողմից այդ հայտարարություններին ընդդիմանալուց և ՀՀ-ում նախապատրաստվող զինված հեղաշրջմանը մասնակցելուց հրաժարվելուց հետո Ս.Գ.-ն և Ա.Ե.-ն մեկնել են նրանց տեղակայման վայր և առաջացած դժգոհությունները վերացնելու և խմբի հանցավոր դիտավորությունը մինչև վերջ հասցնելու, հավաքագրված անձանց պատրաստումը շարունակելու նպատակով փորձել են ձևականորեն հերքել դրանք Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպվելու փաստը։ Սակայն հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է Հայաստան»,- եզրափակել են ՔԿ-ում։
Գերատեսչությունից հայտնում են, որ Ս.Գ.-ն ու հանցավոր խմբի մյուս անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ՀՀ իրավապահ մարմինները բացահայտել են այն։
2023 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր «Հյուսիսային տերևաթափ» ծածկագրված գործողության շրջանակներում Հայաստանում ահաբեկչություն նախապատրաստելու և պետական կառույցները գրավելու փորձի համար 5 անձի ձերբակալության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։