Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Արևմուտքը Ռուսաստանի և Իրանի դեմ պրովոկացիա էին կազմակերպել, որը ժամանակին կանխվել է, Armenia Today-ին ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ մեկնաբանելով երկու երկրների միջև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ հակասությունները՝ հայտարարությունների մակարդակով։
«Ըստ էության՝ Արևմուտքը, որը կողմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, պրովոկացիա էր կազմակերպել, որը չաշխատեց»,- նշել է փորձագետը։
Նա այս համատեքստում ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ, ըստ ռուսական կողմի հաղորդագրության, կողմերը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։
«Իրանցիները վերցրել էին հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում դրված հաղորդագրությունը, որտեղ «ճանապարհների ապաշրջափակում» բառակապակցության փոխարեն ադրբեջանական կողմում գրել էին «միջանք»։ Մինչդեռ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ «միջանցք» բառ չկա ու չէր էլ կարող լինել, որովհետև ցանկանցած միջանցքային տրամաբանություն հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի արձանագրություններին։ Այս ամենը ձնագնդի էֆեկտով սկսեց պտտվել այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանի և Իրանի պաշտոնյաները չհանդիպեցին Մոսկվայում ու վերջնականապես հայտարարություն չարվեց այն մասին, որ Իրանը և Ռուսաստանը հավատարիմ են մնում նախկինում ստորագրված և ձեռք բերված պայմանավորվածություններին, այսինքն՝ նոյեմբերի 9-ի արձանագրության 9-րդ կետին»,- ասել է Բալասանյանը։
Միջազգայնագետի կարծիքով՝ ապաշրջափակման, սահմանների անձեռմխելիության հարցում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները միմյանց չեն հակասում։
«Հարավային Կովկասի սահմանների հարցում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները երբեք էլ իրար չեն հակասել․ երկու պետություններն էլ հանդես են եկել անփոփոխ սահմանների օգտին։ Ի դեպ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը սեպտեմբերի 13-ին այցելել էր Հայաստան, վերահաստատել էր ՌԴ դիրքորոշումն առ այն, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի իրավասության և ինքնիշխանության սկզբունքների վրա»,- հավելել է նա։
Բալասանյանը նշել է, որ Իրանի և ՌԴ-ի կողմից ապաշրջափակման շուրջ փոխադարձ հայտարարություններ այլևս չեն լինի, որովհետև և՛ Մոսկվայի, և՛ Թեհրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկու կողմերն էլ հավատարիմ են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին ու ստորագրված փաստաթղթերին, մասնավորապես՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին։
Հարցին՝ ինչպե՞ս կարող է այդ ամենն անդրադառնալ Հայաստանի դիրքորոշման վրա, միջազգայնագետը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում տվել է այդ հարցի պատասխանը։
«Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի արձանագրության 9-րդ կետին։ Փաշինյանը հնչեցնում էր ապաշրջափակմանն առնչվող միայն տեխնիկական բնույթի հարցեր, այսինքն, ինչպես են կանգելու, որտեղ։ Այս ամենով հանդերձ՝ չհերքվեց նոյեմբերի 9-ի արձանագրությունը, անդրադարձ կատարվեց տեխնիկական հարցերին՝ Արևմուտքին ցույց տալով, որ Հայաստանը դեռ դիմադրում է և դեռևս վերջնական որոշում չի կայացրել»,- եզրափակել է փորձագետը։
Օգոստոսի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը դեմ էր արտահայտվել կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։
Սեպտեմբերի 5-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հարևանների տարածքային ամբողջականությանն սպառնացող ցանկացած վտանգ կամ սահմանների վերագծում Իրանի համար կարմիր գիծ է։ Սեպտեմբերի 8-ին Իրանի խորհրդարանի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ցանկությունը «թիկունքից հարված» է և «միանգամայն անընդունելի» է Իրանի համար։
Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրանում իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը վերահաստատել էր աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և տրանսպորտային ուղիների վերաբերյալ Թեհրանի քաղաքականությանը։