Միջազգային դատարաններում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարցը ներկայումս օրակարգում չէ, սեպտեմբերի 18-ին կայացած Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Այս պահի դրությամբ գործերը շարունակվում են (Ադրբեջանի դեմ)։ ՀՀ-ն մոտական ժամանակներում ակնկալում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ իր ընկալմամբ՝ միջազգային դատական գործընթացները կամ իրավական գործընթացները չեն կարող հակադրվել խաղաղությանը, և միջազգային իրավական գործընթացները խաղաղության կամ կարգավորման պրոցեսին հակադրելու ցանկացած փորձ արհեստական է։
Կիրակոսյանի խոսքով՝ միջազգային դատական հայցերն ազդում են Ադրբեջանի վարքագծի վրա, իսկ դատարաններում գործերի շարունակումը խաղաղության գործընթացի մի մասն է։
«Եվ պատահական չէ, որ նման հակադրությունները գալիս են մեր հարևան պետությունից, պատասխանող պետությունից՝ Ադրբեջանից։ Առաջին անգամ նման գաղափար հնչեցվել է Ադրբեջանի կողմից և այն շատ բանի մասին է խոսում։ Նախ խոսում է նրա մասին, որ Ադրբեջանն անհանգստացած է իրավական գործընթացներով»,- ասել է նա։
Նա սխալ և թյուր է անվանել այն կարծիքը, թե Բաքուն անտարբեր է դատարանների կայացրած որոշումների նկատմամբ, քանի որ այդ որոշումներն ազդում են Ադրբեջանի վարքագծի վրա։
«Այդ որոշումները, դատական գործընթացները շատ կարևոր ազդեցություն ունեն Ադրբեջանի վարքագծի վրա որպես երկրի և դրանց շարունակելիությունը շատ կարևոր է, դա, կարելի է ասել, խաղաղության ամբողջական փաթեթի մի մասն է։ Խաղաղության հարատևության տեսանկյունից՝ իրավական գործընթացները շատ կարևոր, առանցքային դեր են կատարում»,- շեշտել է նա։
Կիրակոսյանը հավելել է, որ միջազգային կառույցներում նախաձեռնված իրավական գործընթացները նախաձեռնվում են ոչ միայն ոտնահարված իրավունքները վերականգնելու, այլև Բաքվի տարածած ապատեղեկատվությունը բացահայտելու համար։
«Առհասարակ՝ դատական գործընթացը, իրավական գործընթացը ոչ միայն խախտված իրավունքների վերականգնման համար նախաձեռնած գործընթաց է, այլ կոնկրետ այդ դեպքում նաև նարատիվների պատերազմ է։ Նարատիվների պատերզմում շատ կարևոր է անընդհատ մեր հարևանին հակադարձելը։ Այն նարատիվները, որոնք Ադրբեջանը տասնամյակներ շարունակ տարածել է, այս դատական պրոցեսի ժամանակ հերքվում են և ամրապնդում Հայաստանի դիրքերը»,- պարզաբանել է նա։
Մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու հնարավորությունը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման դեպքում։
Հունիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն Aysor․am-ին հերքել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած տեղեկությունը, ըստ որի՝ «Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից»։ Անդրադառնալով միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջին՝ նրանք նշել էին, որ «այս պահին նման որոշում չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում։