Միջազգային իրավունքը չի արգելում փոխհատուցում ստացած փախստականներին վերադառնալ հայրենիք, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա հավելել է, որ Հայաստանի քաղաքացիությունը նույնպես չի զրկի արցախցիներին վերադարձի իրավունքից։
Կիրակոսյանի խոսքով՝ դատարանը կարող է պարտավորեցնել քաղաքացիների իրավունքները խախտած պետությանն ապահովել վերադարձը և տեղահանվածներին փոխհատուցում վճարել։
«Երբ պետությունները միջազգային դատարաններում միմյանց մեղադրում են միջազգային իրավունքը խախտելու մեջ, և դատարանը վճիռ է կայացնում՝ գտնելով, որ պետությունը կատարել է միջազգային իրավունքի խախտումներ, պատասխանատվության ձևերը լինում են տարբեր։ Կա՛մ պետք է լինի իրավունքի վերականգնում, որն այս դեպքում վերադարձի իրավունքն է, զուգահեռաբար կարող է լինել փոխհատուցման տրամադրում։ Իրավունքների խախտումների թվաքանակը չի վերաբերում միայն բռնի տեղահանմանը։ Կան շատ այլ իրավունքների խախտումներ՝ կյանքի իրավունք, խոշտանգման արգելք, ապօրինի ազատությունից զրկում, տեղաշարժի ազատության սահմանափակում, կրոնի ազատության իրավունք և այլն»,- նշել է Կիրակոսյանը։
Նա ընդգծել է, որ փոխհատուցման պահանջը լինելու է բոլոր դատական գործընթացներում՝ թե՛ Եվրոպական դատարանում, թե՛ Արդարադատության միջազգային դատարանում։
«Այս պահին գործերի քննության դեռ շատ վաղ փուլում ենք գտնվում, բայց երբ հասնենք գործի քննության փուլին, բնականաբար, փոխհատուցման պահանջներ ձևակերպելու ենք, այդ հաշվարկներն արվելու են։ Դեռ այդ փուլին չենք հասել»,- հավելել է նա։
2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչների անվտանգ վերադարձը։ Դատարանը Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ էր կիրառել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։
Մանրամասները՝ տեսանյութում։