ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Ադամ Շիֆը երկկուսակցական օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավել և դրանք փոխանցել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին»։ Ըստ Շիֆի՝ հիմնադրամը պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների արդյունքում Արցախից բռնի կերպով տեղահանված հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։
Եթե Ադրբեջանը հրաժարվի փոխհատուցումից, ապա օրինագիծը թույլ է տալիս կալանք դնել ԱՄՆ-ում Ադրբեջանի ինքնիշխան ակտիվների վրա՝ այդ վճարումները կատարելու համար։
«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների։ Մենք պետք է ապահովենք, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և արցախցիները փոխհատուցումներ ստանան իրենց հսկայական կորուստների դիմաց։ Իմ նախագիծը կապահովի արդարություն և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր Ադրբեջանի ագրեսիայի պատճառով կորցրել են ամեն ինչ»,- հայտարարել է Շիֆը։
Օրինագծի անցկացումն ապահովելու համար Հայ դատի հանձնախումբը համագաղութային արշավ է սկսել։
Հանձնախմբից հայտնել են, որ Շիֆին, որպես երկկուսակցական օրինագծի սկզբնական հովանավորներ, միանցել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ներկայացուցիչներ Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Ան Էշուն, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լա Մալֆան, Սեթ Մագազիները, Ջեյմս Մըք Գովերնը, Գրեյս Մենգը, Քեվին Մուլինը, Գրեյս Նապոլիտանոն, Էլեոնոր Հոլմս Նորթոնը, Յան Շակովսկին, Լինդա Սանչեսը։
«Հատկանշական է, որ օրինագիծը վերահաստատում է Արցախի հայերի վերադարձի և նրանց սեփականության տիրապետման իրավունքները։ Ակտիվների առգրավման միջոցով փոխհատուցումը չի վերացնի հայկական գույքի սեփականության հանգամանքը՝ ապահովելով, որպեսզի հայերը կարողանան վերականգնել իրենց տները և բիզնեսները»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ։
Մեկ տարի առաջ՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։