Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողությունը 2025 թվականին կկրճատվի 25 տոկոսով, իսկ 2028 թվականին՝ ևս 45 տոկոսով, հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Բաղրամյանը պատմել է, թե ՀԷՑ-ի ներդրումների ծրագրում բնակչությանն էլեկտրաէներգիայով ապահովելու որակի բարձրացման ինչ ցուցանիշներ են նախատեսված։
Նա հավելել է, որ 2025 թվականին ցանցում լարման շեղման տևողությունը պետք է կրճատվի 50 տոկոսով, իսկ 2028 թվականին լարման շեղման հաճախականություն չլինի։
Բաղրամյանի խոսքով՝ այսօր վթարի վերականգնման ժամանակը 4 ժամ է, համապատասխանաբար այն կնվազի մինչև 2-3 ժամ։ Գյուղերում և համայնքներում այս ցուցանիշը 8 ժամ է, և պետք է կրճատվի մինչև 4-6 ժամ, պարզաբանել է նա։
«Սա այն հիմնական արդյունքային ցուցանիշներն են, որոնք առկա են ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի հիմքում, և եթե այդ ներդրումներն իրականացվեին, պետք է այս տեմպերով մեր ենթակառուցվածքը վերազինվեր և բերվեր համապատասխան իրավիճակի»,- վստահեցրել է ՀԾԿՀ ղեկավարը։
Սեպտեմբերի 4-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարությունը մեկնաբանել էր Երևանում հոսանքազրկումները և հայտարարել 16,5 մլն դոլար (6,3 մլրդ դրամ) ներդրում կատարելու մտադրության մասին՝ Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման ցանցի թարմացման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։