Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին, ասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Անկախության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին ուղղված շնորհավորանքում։
«Բելառուսը և Հայաստանը կապված են ամուր բարեկամական կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով։ Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունն ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործընկերությունը»,- ասված է շնորհավորանքում։
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ «ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար պետք է համախմբվել և համագործակցել»։
Օգոստոսի 19-ին Լուկաշենկոն քննադատել էր արևմտյան երկրների հետ Հայաստանի մերձեցման քաղաքականությունը և ասել, որ հայերը «ոչ մեկին պետք չեն», բացի Ռուսաստանից և Բելառուսից։
Մարտի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման քննարկմանն հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Ալիևը հայտարարել է շուրջ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» ցանկության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շուրջ 300 հազար ադրբեջանցի Հայաստան «վերադառնալու» և «վերաբնակվելու» խնդրանքով պաշտոնապես դիմել է Հայաստանի...