Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ գաղտնիության քաղաքականությունը և օգտագործման պայմաններն «ամբողջ աշխարհում միմյանց հետ համապատասխանեցվել են»:
Նա նշել է, «որ կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են բացահայտվել լիազորված մարմիններին՝ ի պատասխան օրինական իրավական հարցումների»:
Telegram-ը վաղուց հնարավորություն է տալիս դատարանի որոշմամբ IP հասցեն և հեռախոսահամարը փոխանցել իշխանություններին: Այս դրույթը հայտնվել է 2018 թվականին այն բանից հետո, երբ մեսենջերը ձեռք է բերել գաղտնիության քաղաքականություն՝ համաձայն ԵՄ օրենսդրության փոփոխությունների: Այնուհետև Դուրովը հայտարարել էր, որ մեսենջերը «իրավունք է վերապահել» դա անել, բայց միանշանակ չի ասել, թե արդյոք երբևէ կօգտվեն այս իրավունքից:
Դուրովը նոր փոփոխությունները կապել է Telegram-ի գլոբալ որոնումը կանոնակարգելու աշխատանքի հետ (թույլ է տալիս որոնել ալիքներ և բոտեր):
«Telegram-ում որոնումը նախատեսված է ընկերներ և նորություններ գտնելու, ոչ թե անօրինական ապրանքներ գովազդելու համար», – ավելացրել է նա:
Դուրովի խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում հավելվածի մոդերատորները որոնման արդյունքներից հանել են «հայտնաբերված ողջ խնդրահարույց բովանդակությունը»:
Դուրովին ձերբակալել էին օգոստոսի 24-ին՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Telegram-ի հիմնադրի կալանքի ժամկետը լրացել էր օգոստոսի 28-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ Ֆրանսիայից չմեկնելու պայմանով։
Սեպտեմբերի 6-ին Դուրովը մեկնաբանել էր իր ձերբակալությունը՝ շեշտելով, որ ոչ մի նորարար երբեք չի ստեղծի նոր գործիքներ, եթե իմանա, որ կարող է անձամբ պատասխանատվություն կրել այդ գործիքների հնարավոր չարաշահման համար: