ՀՀ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին։
Ըստ Կոմիտեի լրատվական ծառայության հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2017 և 2018թթ. Երևանի համայնքի կողմից «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությանը տրվել են Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություններ:
Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի կողմից չեն պահպանվել օրենսդրության համապատասխան պահանջները և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Գլխավոր տնօրենը ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն, անտեսելով այն, շարունակել է աշխատանքները: Նույն վարչական իրավախախտումը կրկին հայտնաբերելուց հետո՝ 2018թ. հունիսի 7-ին, կազմվել է ևս մեկ արձանագրություն, որի հիման վրա 2018թ. հունիսի 27-ին կրկին կայացվել է որոշում՝ ՍՊԸ գլխավոր տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին և նշանակվել է վարչական տույժ՝ 2.500.000 ՀՀ դրամի չափով:
Քրեական գործով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը), և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին: Քրեական գործը 2020թ. ապրիլի 8-ին, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն: