ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ամերիկահայ համայնքին ուղղված հայտարարության մեջ կարևորել է Արցախի հայերի վերադարձն իրենց տներ՝ հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու տեսանկյունից։ ԱՄՆ նախագահի թեկնածուի հայտարարությունը նվիրված է Հայաստանի անկախության օրվան և հրապարակվել է սեպտեմբերի 23-ին՝ Harris-Waltz Campaign-ի կողմից։
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից»,- նշել է Հարիսը:
Փոխնախագահը շեշտել է, որ հավատարիմ է մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղությանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
Իր հայտարարության մեջ նա նաև նշել է, որ չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին և սպանվեցին:
«Դա ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր մեր հավաքական ամերիկյան պատմության մեջ»,- հավելել է նա:
Հարիսը նաև շեշտել է, որ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում:
«Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ազգերի միջև կապերի խորացմանը և գործընկերության խթանմանը, որը բարձրացնում է մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները»,- եզրափակել է փոխնախագահը:
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։