Ադրբեջանական ուժերի ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյուններ են տեղի ունենում, Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում կատարած փաստահավաք աշխատանքից հետո հայտարարել է ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապված կատարված հետազոտությամբ պարզել են, որ տեղադրվել են ինչպես TM-57 հակատանկային, այնպես էլ և O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ Հակատանկային ականները տեղադրված են դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակայինները՝ 10- 30 մ վրա։
Նա նշել է, որ Ներքին Հանդում մարդկանց հիմնական ապրուստի միջոց անասնապահությունը և խոզաբուծությունը վերացել են ոչ միայն արոտավայրերից զրկվելու, այլ նաև ականների պայթյուններից կենդանիների սատկելու պատճառով։
Մարդիկ զրկված են նաև Ներքին Հանդի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք
ադրբեջանական օկուպացիայի ներքո են։
«Գյուղն ունի նոր գերեզմանատեղի, սակայն ադրբեջանական թիրախի վտանգի պատճառով մարդիկ խուսափում են այդ վայրում հուղարկավորում անելուց։ 2022թ. սեպտեմբերյան ադրբեջանական զինված հարձակումներից հետո այդտեղ հուղարկավորվել է մեկ մարդ, մնացած դեպքերում հուղարկավորությունը կատարվում է Կապանի գերեզմանատանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստահավաք խումբը նաև պարզել է, որ վտանգված է Շիկահող պետական արգելոցը։ Նշվում է, որ Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։ Ըստ նախնական ուսումնասիրության՝ արդեն հատվել է մոտ 10,000 ծառ։ Ծառերը և մյուս բույսերն ադրբեջանական զինված ծառայողները զանգվածաբար հատում են՝ զինվորական միջդիրքային և այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար։ Այդ ճանապարհներով երթևկում են մեծ մեքենաներ, տեղափոխվում է ծանր տեխնիկա, որի հետևանքով մեծացել է սողանքների վտանգը։
ՀՀ նախկին ՄԻՊ-ը հավելել է, որ բնակիչները զրկվել են ոչ միայն ապրուստի միջոց արոտավայրերից, այլև խմելու ջրից, այգիներից վարելահողերից, խոտհարքներից։ Մարդիկ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար շարունակում են օգտագործել գետի ջուր․ խմելու ջրի ակունքները մնացել են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներում։
«Ներկայում նշած, ինչպես նաև արձանագրված այլ տվյալների հիման վրա պատշաճ ընթացակարգով մշակվում են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հիմք կլինեն միջազգային մի քանի նախաձեռնության համար»,- ավելացրել է Թաթոյանը։
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցի զինվորականների 25 դիրքով։ Սյունիքի մարզպետը հունիսի 5-ին հայտնել էր գյուղի հատվածից ռուս սահմանապահների դուրսբերման մասին: