Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրյալներից մեկին սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով դատական նյութերին։
«Վիսարիգով Ա.Զ.-ն մեղադրվում է հինգ հանցագործություն կատարելու մեջ, որոնցից չորսը որակվում է առանձնապես ծանր։ Մեղադրանքներից երեքի համար նախատեսվում է ցմահ ազատազրկում»,- ասված է գործի նյութերում։
Մոսկվայի Բասմանի դատարանը որոշել էր կալանքի տակ վերցնել Վիսարիգովին։ Գործով մինչ այժմ ձերբակալվել է 19 մարդ։
Սեպտեմբերի 19-ին ընկերության համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկին մեղադրանք էր առաջադրվել։ Սեպտեմբերի 18-ին Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով ընկերության անվտանգության 2 աշխատակից էր զոհվել։ Դատարանը կալանավորել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգության գործով 6 մեղադրյալի։
20-30 հոգուց բաղկացած տղամարդկանց խումբը կոտրել էր բիզնես կենտրոնի մուտքի ապակիները, ի պատասխան՝ կրակոցներ էին արձակվել։
Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ընկերության գրասենյակ էր փորձել ներխուժել Բակալչուկը՝ անվտանգության աշխատակիցներով: Wildberries-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ առաջինը կրակել էին Բակալչուկին ուղեկցող զինված մարդիկ:
Wildberries-ը և Russ-ը հունիսին հայտարարել էին իրենց միավորման մասին, որից հետո Բակալչուկը, որը Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինն է, հայտարարել էր ընտանեկան բիզնեսի ռեյդերային գրավման մասին։ Կինն, իր հերթին, նշել էր, որ դա ոչ թե ռեյդերական զավթում, այլ ամուսնալուծության գործընթացի սկիզբ է։
Russ-ի գործադիր տնօրենը հայազգի գործարար Ռոբերտ Միրզոյանն է։