«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը նախատեսում է 6,7 մլրդ դրամ ներդնել (գրեթե 17,3 մլն դոլար)՝ Երևանի փոքր կենտրոնի էլեկտրամատակարարման համակարգի արդիականացման համար։ Այս մասին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտնել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 000 սպառող) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։ Ըստ այդմ՝ պետք է ստեղծվի երկկողմանի սնուցման աղբյուրներով ապահովված ցանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնությունը ենթադրում է համակարգային բարեփոխումներ գործող համակարգում՝ ներառյալ նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների տեղակայումը։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում դեռևս ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող 23 տրանսֆորմատորային ենթակայանն, անվտանգության նկատառումներից ելնելով, դուրս կբերվեն և տեղ կգտնեն այդ նպատակով կառուցվելիք առանձին շենքային պայմաններում։ Եվս 31 ենթակայան կարդիականացվի և կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին։ Ծրագիրը, ըստ ՀԷՑ-ի, կիրականացվի 2-3 տարվա ընթացքում։
Սեպտեմբերի 4-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարել էր 16,5 մլն դոլար (6,3 մլրդ դրամ) ներդրում կատարելու մտադրության մասին՝ Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման ցանցի թարմացման համար։
«Տաշիր գրուպը» 2015 թվականի սեպտեմբերին գնել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ 2024 թվականի փետրվարի 14-ին ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտարարել էր, որ 2017 թվականից սկսած՝ ընկերության կողմից ներգրավված ներդրումները կազմել են ավելի քան 680 մլն դոլար (ներառյալ ԱԱՀ): Նա վստահեցրել էր, որ դրանք ուղղվելու են էլեկտրամատակարարման որակի բարելավմանը, էլեկտրաէներգիայի սպառման հաշվառման և մոնիթորինգի խելացի համակարգերի ներդրմանը, ինչպես նաև նոր սպառողներին էլեկտրացանցին միացնելուն։