Արցախի Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 19-ն Արցախի Հանրապետության տոնացույցում ցեղասպանության օր սահմանելու նիստը տապալվել է քվորում չլինելու պատճառով, գրում է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին նախատեսված նիստում քվորում չի ապահովվել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորների բոյկոտի արդյունքում:
«Նիստ չի գումարվել, բնականաբար, նախագիծը չի ընդունվել, թեպետ բոյկոտի վերաբերյալ որևէ հիմնավորում չեն ներկայացրել, սակայն Արցախի քաղաքական շրջանակները վստահ են, որ Բաբայանը հերթական անգամ ՀՀ իշխանությունների կամքն է կատարել՝ փորձելով փակել ու պատմության արխիվն ուղարկել Արցախի թեման»,- նշում է թերթը:
Օգոստոսի 15-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ Բաբայանն Արցախի քաղաքական ուժերին առաջարկել է կոալիցիա կազմել և միասնական ճակատով մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Այդ նպատակով, ըստ թերթի, նա հանդիպումներ էր ունեցել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Թերթը նշել էր, որ արցախյան քաղաքական գործիչները չեն աջակցել այդ գաղափարին և մատնանշել են Հայաստանում արցախցիների և հայերի միջև առկա սոցիալական բաժանումը խորացնելու ռիսկերը: