Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին խնդրել է կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ քննարկել հայ գերիների հարցը, Armenia Today-ին հայտնել է «Համահայկական ճակատ» շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը, որի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին գերիների հարցը նստաշրջանի օրակարգում ներառելու պահանջով ակցիա էր տեղի ունեցել։
Ստեփանյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 26-ին հանդիպել է Ժակոբին և տպավարություն ստացել, որ պաշտոնյան տրամադրված է աջակցել հայ գերիների թեման քննարկման առարկա դարձնելու հարցում։
«Ժակոբը, որը պաշտոնավարում է ապրիլից, ընդամենը 1 ամիս առաջ՝ մեր կողմից նախաձեռնած ակցիաներից է իմացել, որ Հայաստանն անհետ կորածներ ունի։ Այսօրվա մեր հանդիպումից տպավորություն ստացա, որ Ժակոբը բավականին հետևողական է այս հարցում։ Պաշտոնյան սեպտեմբերի 25-ին կապ է հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, որը հանդիպելու է Փաշինյանին։ Ժակոբը մեզ ասաց, որ ինքն անձամբ է խնդրել Գուտերեշին հարցը քննարկման առարկա դարձնել թե՛ Փաշինյանի, թե՛ ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպմանը»,- ասել է նա։
«Համահայկական ճակատ» շարժման համակարգողի խոսքով՝ Ժակոբը կապ է հաստատել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ ու խնդրել, որ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ասամբլեայում բարձրաձայնի անհետ կորածների ու գերիների հարցը։
«Ժակոբը ՄԱԿ-ին նաև խնդրել է կազմակերպության արտադատարանական սպանությունների գործով հատուկ հանձնաժողովին գործուղել Հայաստան։ Նա փոխանցեց, որ հնարավոր է՝ հանձնաժողովը Հայաստանում լինի հունվարին»,- հավելեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք COP29-ից առաջ խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկին՝ նա նշել է, որ առաջարկը «ողորմություն» խնդրելու է նման։
«Խաղաղության պայմանագիրն ստորագրվելու է առանց գերիների հարցը շոշափելու, որից հետո, ըստ իշխանությունների, գերիների վերադարձ կլինի։ Ըստ իս՝ նման ձևով խաղաղության գնալն ավելի շատ ողորմություն խնդրելու նման մի բան է»,- ասել է նա՝ շեշտելով, որ շարունակելու են միջազգային կառույցներից պահանջել չեղարկել COP29-ի անցկացումը՝ մինչև հայ գերիները չվերադառնան։
Ստեփանյանը նշել է, որ անհետ կորածների հարյուրավոր ծնողներ վստահ են, որ իրենց որդիները Բաքվում գերության մեջ են։ Նա հայտնել է, որ շարունակելու են իրենց գործողությունները և միջազգային կառույցներից պահանջելու են հետևողական լինել հայ գերիների վերադարձի հարցում։
Երևանում՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց էր տեղի ունեցել՝ հայ գերիների վերադարձի հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի օրակարգում ներառելու պահանջով։ Վեհաժողովն ընթանում է Նյու Յորքում՝ սեպտեմբերի 22-27-ը։
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված քննարկմանը Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։