Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Գևորգյանը Facebook-ի իր էջում։ Նա պաշտոնավարել է 20 օր։
Գևորգյանն արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր սեպտեմբերի 6-ին։ Դրանից հետո համացանցում տարածվել և տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել նրա լուսանկարը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ՝ ձեռքին Քոչարյանի գիրքը։ Գևորգյանն արձագանքել էր այդ քննարկումներին՝ նշելով, որ լուսանկարն արվել է 2019 թվականին կազմակերպված միջոցառման ընթացքում: Նա հայտնել էր, որ Քոչարյանի դուստրն իր համակուրսեցին է և ինքը «երբևէ առնչություն չի ունեցել և անձամբ չի հանդիպել Քոչարյանի հետ»:
Գևորգյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ցուցաբերած «մեծ վստահության համար»:
«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»,- գրել է նա:
Գևորգյանը նաև նշել է, որ ափսոսանքով է թողնում Արդարադատության նախարարության «իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ»:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ վերջին օրերին բազմաթիվ անգամ խնդրել է Գևորգյանին հրաժարական չտալ, բայց նա մերժել է իր բոլոր խնդրանքները: Այսպես է նա մեկնաբանել Գևորգյանի՝ իր ղեկավարած նախարարությունը լքելու որոշման մասին ֆեյսբուքյան գրառումը։