ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման: Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում կլինի սեպտեմբերի 22-27-ը։ Նրա մամուլի ծառայությունը հայտարարել էր մի շարք երկկողմ հանդիպումների մասին։
Սեպտեմբերի 24-ին Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սեպտեմբերի 25-ին՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Փաշինյանը հանդիպել էր նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահի և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ։