Հոկտեմբերի 13-ին Մարմաշեն վանական համալիրում տեղի կունենա «Ախուրյան շրջապար» մեծամասշտաբ տոնակատարությունը, որին կներկայացվի «Ախուրյան» նոր պարը, հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Նշվում է, որ միջոցառման նախաձեռնող խումբը շրջել է Ախուրյան համայնքի բնակավայրերում և 700-ից ավելի ախուրյանցիների անվճար ուսուցանել պարը: Շուրջպարին միանալու է 12 տարեկանից բարձր շուրջ 2000 մասնակից՝ պարելով նոր մշակված ավանդական պարը։
Պար ունենալու մտահղացումն Ախուրյանի բնակիչ Մելիք Խաչատրյանինն է, ով գաղափարն իրականացնելու համար դիմել է «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին, վերջինս էլ նախաձեռնել է պարի բեմադրության հետ կապված բոլոր հարցերը: Պարը վերամշակել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը:
Միջոցառումը կմեկնարկի ժամը 13։00-ին։