Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոչ է արել ազդու միջոցներ գործադրել՝ արցախցիների իրավունքները պաշտպանելու և Ադրբեջանին զսպելու համար։
«Մյուռոնօրհնության նվիրական այս արարողությանը պատեհ առիթ ունենալով՝ վերստին դիմում ենք միջազգային հանրությանը և մեր քույր եկեղեցիներին՝ ի դեմս մեզ աղոթակից եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչների, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը»,- նշել է նա։
Ամենայն Հայոց կաթողիկոսը հորդորել է ազգովի հետևողական լինել հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու արցախցիների իրավունքի պահանջատիրության մեջ։
«Հայրապետական մեր հորդորն է ձեզ, սիրելի արցախահայեր, աննկուն և անվհատ դիմագրավեք նեղություններն ու դժվարությունները։ Արցախյան ոճրագործությունն իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ։ Որպես Հայոց Հայրապետ՝ հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին, մեր լուսավոր ու հաղթական գալիքին»,- ասել է կաթողիկոսը:
Նա շեշտել է, որ Մյուռոնօրհնության արարաղությունն «անցնող տարիների աղետաբեր իրադարձությունների պատճառով անհնար էր իրականացնել»։
«Թող Աստծո բարեգութ կամքով նոր օրհնյալ սրբալույս Մյուռոնը երկնապարգև բարիքներ բերի մեր կյանքից ներս, հոգևոր ուժ ու վերհառնումի զորությունը բերի պատերազմի արհավիրքներ ու կորուստներ կրած մեր ժողովրդին»,- նշել է նա։
Գարեգին Բ-ի խոսքով՝ երկիրն ու ժողովուրդը գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների և աղետներից ու վշտագին կորուստներից վերհառնումի հրամայականի առջև։ Նա հույս է հայտնել, որ աշխարհն անտարբեր չէ ցավի ու բռնության նկատմամբ, որ «մարդկային սրտերում չեն ցամաքել սերն ու կարեկցանքը, արդարություն և իրավունքի գերակայություն հաստատելու ձգտումը»։
Կաթողիկոսը նաև կոչ է արել համախմբվել, «զերծ պահել երկիրը նոր ցնցումներից ու կորուստներից, փարատել ապագայի շուրջ առկա տագնապներն ու մտահոգությունները, վերատեսության ենթարկել սխալ ու ազգավնաս ընթացքները, ավելի ամրապնդել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության և ելքի ուղիներ գտնել հայրենիքում ժողովրդի ապահով և անվտանգ կյանքի վերականգնման համար»։
Պատգամի վերջում Հայոց Հայրապետն օրհնանքի խոսք է ուղղել արարողությանը մասնակից եկեղեցական, պետական, քաղաքական, դիվանագիտական գործիչներին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրյալ ազգային բարերարներին և ուխտավոր հավատացյալներին։
Նա բարձր է գնահատել Մյուռոնօրհնության կնքահայրությունն ստանձնած ազգային բարերար Սամվել Կարապետյանի ավանդը, ով, կաթողիկոսի խոսքով, իր նշանակալի ավանդն է բերել Հայաստանի ազգային և հայրենական կյանքի շինությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը։
«Աղոթում ենք երկնավոր մեր հորը, որ Սուրբ Հոգու շնորհներով աշխարհում առատանան հավատո գործերը, սերն ու բարին և զորանան խաղաղության ու համերշախության ուղիները, թող Սուրբ հոգու շնորհած հանապազ հեղումով անվտանգ ու աներեր լինի մեր հայրենիքը, բարեզարդ համայն մեր ժողորվրդի կյանքը, պայծառ ու անսասան Առաքելական մեր Սուրբ եկեղեցին»,- հավելել է կաթողիկոսը։
Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր Մայր տաճարի Մյուռոնօրհնության և Վերաօծման արարողությունների մանրամասները։
Մանրամասները՝ տեսանյութում։