Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից:
«Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը, և հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միևնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին. վստահ եմ՝ եթե բոլորս մարդ ենք ծնվել, ուրեմն հավասար ուժեր ունենք նվաճելու աշխարհը»,- Լեոյի խոսքերն է մեջբերում Հանրային հեռուստատեսությունը:
Հանրայինը հավելել է, որ հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Մրցույթի փորձագիտական խմբի կազմում էին հայ և միջազգային մասնագետներ՝ երգչուհի Իվետա Մուկուչյանը, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, «Մանկական Եվրատեսիլ» 2021 և 2023-ի գործադիր պրոդյուսեր, France TV-ի ժամանցային նախագծերի ղեկավար Ալեքսանդրա Ռեդը, Անգլիայում անցկացված Եվրատեսիլ 2023-ի գործադիր պրոդյուսեր, BBC-ի պրոդյուսեր Լի Սմիթարսթը, «Մանկական Եվրատեսիլ» 2019 և 2020-ի գործադիր պրոդյուսեր Մարթա Պիկարսկան և Պորտուգալիայում անցկացված Եվրատեսիլ 2018-ի գործադիր պրոդյուսեր, պորտուգալական Festival de Canção երաժշտական փառատոնի պրոդյուսեր Կարլա Բուգալոն:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:
2023թ․ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբն իր Do It My Way երգով գրավել էր 3-րդ տեղը։