ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է իր վերընտրվելու դեպքում Google-ին պատասխանատվության ենթարկել, գրում է The New York Times-ը։
Քաղաքական գործիչը համոզված է, որ երբ Google-ի օգտատերերը փնտրում են իր մասին տեղեկություններ, որոնողական համակարգն առաջարկում է «միայն վատ» հրապարակումները և միայն «լավ պատմություններ» են ցուցադրվում նրա դեմոկրատ հակառակորդ Քամալա Հարիսի մասին։
Թրամփը հույս ունի, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական պատասխանատվության կենթարկի «ընտրություններին նման բացահայտ միջամտության» մեղավորներին։ Նա ընդգծել է, որ կպահանջի ամենախիստ հետաքննություն, եթե կրկին ստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը։
Google-ը հերքել է Թրամփի մեղադրանքները՝ ասելով, որ ընկերությունը չի փոխել իր ալգորիթմները և հրապարակումները ցուցադրվում են ըստ որոնման հարցման։
Նախկինում Թրամփը բազմիցս մեղադրել է Google-ին բովանդակությունը կարգավորելու և իր մասին «կեղծ լուրեր» ցուցադրելու մեջ։
Հուլիսի վերջին Իլոն Մասկը X-ում հրապարակել էր Google-ի որոնման հարցման սքրինշոթը, որտեղ «նախագահ Դոնալդ» հարցումը «Դոնալդ Թրամփ» տարբերակի փոխարեն առաջարկվում էր «նախագահ Դոնալդ Դաք»:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։