Սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ հարձակվել էր Արցախի Հանրապետության վրա։ 44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանային և հրթիռային հարվածների էր ենթարկել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով նաև արգելված զինամթերք, ինչի մասին գրել էին միջազգային լրատվամիջոցները: Armenia Today-ը ներկայացրել էր նորություններ դիրքերից, այդ թվում՝ մեկնաբանություններ արցախյան կողմից։
Պատերազմի սկիզբ| 07:10 ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Ադրբեջանի հարձակման մասին
2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ժամը 07:10-ին սկսված մարտական գործողություններ էին ծավալվել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում: Նույն օրը Հայաստանի և Արցախի կառավարությունները հայտարարել էին ռազմական դրություն և զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում մտցվել էր ռազմական դրություն և պարետային ժամ, իսկ ավելի ուշ հայտարարվել էր զորահավաք:
Ադրբեջանական բանակը պատերազմի ընթացքում կասետային արգելված ռումբեր էր կիրառել քաղաքացիական բնակչության դեմ։ Ադրբեջանցի զինվորականները նաև հայ ռազմագերիներին խոշտանգելու տեսանյութեր էին հրապարակել։ Պատերազմի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ երեք անգամ՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, 17-ին և 26-ին, ձեռք էր բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը խախտել էր այն։
Հրադադար/ 2020-ի նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ստորագրել են պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն
2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հրադադարի մասին հայտարարություն էին ստորագրել։ Կողմերը պայմանավորվել էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը կմնան զբաղեցրած դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ։ Հայտարարությունը նախատեսում էր ռազմագերիների և այլ պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում:
Կողմերի կորուստները
Պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց Հադրութը, Շուշին, ինչպես նաև անվտանգության գոտու 7՝ Ակնայի, Վարանդայի, Ջրականի, Կովսականի, Որոտանի, Քարվաճառի շրջանները։ 2022 թվականի օգոստոսի 26-ին Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել նաև Բերձորն ու Աղավնոն։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները փակել էին Լաչինի միջանցքը, և Արցախը հայտնվել էր տոտալ շրջափակման մեջ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին երկարատև շրջափակումից հետո Ադրբեջանը կրկին հարձակվել էր Արցախի վրա, ինչի հետևանքով արցախցիները բռնի տեղահանվել էին Հայաստան։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը գերազանցել էր 4000-ը։ Նրանց թվում զինծառայողներ և խաղաղ բնակիչներ էին: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ 2022 թվականի տվյալներով՝ 303 մարդ համարվում է անհետ կորած։ 2022 թվականի հունիսին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Armenia Today-ի հարցին Ադրբեջանում մնացած ռազմագերիների թվի մասին, հայտարարել էր, որ հայկական կողմն ունի երկու ցուցակ՝ պաշտոնապես հաստատված 38 ռազմագերիների և անհետ կորածների ցանկը։
Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից մեկը, մինչ օրս գերության մեջ է պահում հայ զինվորականներին և քաղաքացիական անձանց։
2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանն ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանին էր վերադարձրել 17 ռազմագերու։ 2023 թվականի դեկտեմբերին Բաքուն ազատ էր արձակել 32 հայ ռազմագերու՝ Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանը հաստատել է 23 հայ գերիների պահման փաստը: Կան նաև տվյալներ 44-օրյա պատերազմից հետո ևս 32 հայերի անհետացման մասին, սակայն դրա հետ կապ ունենալու հանգամանքը Բաքուն հերքում է: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ դիմելով Հայաստանի արդեն ինքնիշխան տարածքների գնդակոծմանը։
Հարձակում Հայաստանի տարածքի վրա/ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն սկսել է գնդակոծել Սյունիքն ու Վայոց ձորը
2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ադրբեջանական բանակը լայնածավալ ագրեսիա էր ձեռնարկել Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերի նկատմամբ։ Ադրբեջանական ԶՈւ-ն օկուպացրել էր Հայաստանի 10 քառակուսի կիլոմետր տարածք։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան կողմերը միջազգային հանրության աջակցությամբ պայմանավորվել էին հրադադար սահմանել։ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով հայկական կողմի կորուստները կազմել էին 224 մարդ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ: Անհետ կորած է համարվում 3 զինծառայող։
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։