Նեպալում չդադարող անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 148-ի։ Առնվազն ևս 59 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ամենաշատը տուժել է Կատմանդու հովիտը։ Հորդառատ անձրևների հետևանքով տուժել է 60 մարդ, ավելի քան 3661 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք։ Զգալի վնասներ են հասցվել ենթակառուցվածքներին, ավերվել է ավելի քան 322 տուն, վնասվել է 16 կամուրջ, ինչի արդյունքում տրանսպորտի մի քանի հիմնական երթուղիների երթևեկությունը խաթարվել է։
Անձրևները Նեպալում սկսվել են նախորդ շաբաթ: Հիմալայան նահանգի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ կիրակի առավոտյան Նեպալի մայրաքաղաքում տեղումների քանակը կազմել է միջինը 240 մմ, որոշ շրջաններում գրանցվել են 322 մմ տեղումներ։ Սա Կատմանդուում ամենաառատ տեղումներն են 1970 թվականից ի վեր։ Օդերևութաբաններն զգուշացնում են, որ ուժեղ անձրևները կշարունակվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում։