Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում, Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ է բացվել, հայտնել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։
Հուշակոթող-քանդակն իրագործել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, գաղափարը թատերագետ և երգահան Մարինե Ալեսինն է։
Քանդակի ճարտարապետն Աշոտ Արշակյանն է, հեղինակն իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է: Հուշարձանի համար ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող ընդհանուր գերեզմանից հող և Լիբանանի Անթիլիաս քաղաքից Դեր Զորի անապատի զոհերի մասունք են բերել։
Հուշակոթող-քանդակը բացել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար, Ադրբեջանում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը և «Նուբար և Աննա Աֆեյաններ» հիմնադրամի համահիմնադիր Աննա Աֆեյանը՝ միանալով «Ավրորայի»՝ մարդասիրության և երախտագիտության կոչին:
«Մարդիգանյանը երիտասարդ աղջիկ էր, որն անցնելով Հայոց ցեղասպանության սարսափների միջով՝ կարողացավ նոր կյանք սկսել ԱՄՆ-ում: Նա դարձավ համր կինոյի դարաշրջանի հոլիվուդյան աստղ և բարերար: Հուշակոթող-քանդակն արտացոլում է Մարդիգանյանի կյանքը՝ նրա անցած ճանապարհը Ցեղասպանության վայրագությունների միջով և փրկությունն ԱՄՆ-ում: Քանդակի մի կողմում պատկերված են կանայք, որոնք տառապում են Դեր Զորի անապատի ճանապարհներին։ Նրանց թվում է երիտասարդ Ավրորան: Քանդակի ճակատային մասում նա առանձնանում է որպես կին, որը հաղթեց մահվանն ու իր պատմությունը պատմեց աշխարհին՝ սերունդների համար դառնալով վերապրումի մարմնացում»,- մանրամասնել են նախաձեռնությունից։
Քանդակագործի խոսքով՝ քանդակի ստեղծումը բարդ և, միաժամանակ, խորապես ոգեշնչող մարտահրավեր էր։
«Քանդակն այսօր ներկայացնելն ինձ համար և՛ խոնարհում է, և՛ պատիվ։ Ես հավերժ երախտապարտ եմ այս ոգեշնչող նախագծի մասնակիցը լինելու համար»,- ասել է հուշակոթող-քանդակի հեղինակը։
Բացման արարաղությանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր և կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամներ Աննա Աֆեյանը, Էրիկ Էսրայիլյանն ու Արման Ջիլավյանը և այլոք։
Բացման արարողությանը հաջորդել է մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին: