Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մինչև հոկտեմբերի 10-ը հետաձգել է Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ խաղի արդյունքը բողոքարկած հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի գործով որոշումը, գրել է ArmLur-ը՝ հղում անելով մարզիկի հորը՝ Գևորգ Ալեքսանյանին։
Ալեքսանյանը կայքին հայտնել է, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան նախապատրաստվելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, Լոզանի դատարանը երկու կողմերին բացատրություններ տալու համար մինչև սեպտեմբերի 19-ը ժամանակ էր տվել։
Օգոստոսի 7-ին Ալեքսանյանը դարձել էր Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Եզրափակչում նա 1։4 հաշվով պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամմադ Հադի Սարավիին։ Օգոստոսի 9-ին Հայաստանի սպորտի նախարարությունը հրապարակել էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկումն Ալեքսանյանի եզրափակիչ խաղի արդյունքի վերաբերյալ։ Հայաստանը նախ դիմել էր Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, սակայն կազմակերպությունը պատասխան նամակով Սարավիին հաղթող ճանաչելու մրցավարների որոշումը ճիշտ էր անվանել։ Դրանից հետո մարզիկը դիմել էր Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բողոքարկման հանձնաժողովին։