ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնել է Փաշինյանը։
Կառավարությունից հայտնել են, որ զրուցակիցները անդրադարձել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին: ՀՀ վարչապետն նշել է, որ նախագծի կետերի 80% համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:
Փաշինյանն և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրները, բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին: Այս առումով Փաշինյանը և Մակրոնը կարևորել են միջազգային հանրության հետևողական աջակցությունը` առկա խնդիրների հասցեագրման և լուծման գործում:
Քննարկվել են նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման: Մակրոնն աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը, միաժամանակ ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը։
Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում, ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը:
Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության դերակատարումը և ընդգծել Ֆրանսիայի կարևոր դերը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցման հարցում:
Կառավարությունից հոկտեմբերի 3-ին տեղեկացրել էին, որ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, ուր հանդիպումներ կունենա Մակրոնի և Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ, կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին:
Փաշինյանի և Մակրոնի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին՝ Բլենհայմյան պալատում։ Նրանք քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը։