Ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը դրական ազդակ կհաղորդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ վերահաստատելով խաղաղության հաստատման հարցում Հայաստանի հանձնառությունը։
«Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։ Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Վստահ եմ, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը խաղաղության գործընթացին դրական ազդակ կհաղորդի դրան»,- հավելել է նա։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի» նախագիծը։
«Հայաստանը ողջունում է նախագիծը, որում մեզ հաջողվել է համակողմանի անդրադառնալ Ֆրանկոֆոն տարածաշրջանում առկա անվտանգային սպառնալիքներին և մատնանշել դրանց հաղթահարման ուղիները։ Կարևոր ենք համարում, որ բանաձևն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի։ Բանաձևը ողջունում է նաև 2024թ. ապրիլի 19-ի արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և խրախուսում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա»,- հավելել է նախարարը։
Միրզոյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 3-ին մեկնել էր Ֆրանսիա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին։
Կառավարությունից հոկտեմբերի 3-ին տեղեկացրել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա, ուր հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, կմասնակցելու է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին: