Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան Գուրգեն Արսենյանը խոստացել է աշխատել Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես եկել եմ այս բուռն պահին, որպեսզի փորձեմ իմ ջանքերը ներդնել և բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, դրանք հասցնել մեզ համար գոհացուցիչ վիճակի»,- գործակալությունը մեջբերում է Արսենյանի խոսքերը՝ Միջազգային հարաբերությունների հարցով Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ։
Դեսպանը նշել է, որ Հայաստանը դաշնակից ունեցող երկիր է, որի հետ կա դաշնային պայմանագիր, և որը տնտեսական միության մեջ է Ռուսաստանի հետ։
«Ինձ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչ է կատարվում մեդիա տարածքում, թե ինչու է այդպես։ Մենք ինչի՞ց ենք սկսում՝ իրականությունի՞ց, թե՞ մտացածին պատկերներից»,- նկատել է Արսենյանը։
Դիվանագետը մատնանշել է, որ անհրաժեշտ են գործողություններ, որպեսզի «ժողովուրդն ապրի խաղաղության, անվտանգության և բարգավաճման մեջ»։
Օգոստոսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական Մովսես Հարությունյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Արսենյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Օգոստոսի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դադարեցրել էր նրա պատգամավորական լիազորությունները։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել։