Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը, զարգացման հնարավորությունները, հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
«Հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ադամչակը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ»,- հավելել են ՊՆ-ից։
ՊՆ-ից տեղեկացրել են, որ կողմերը մատնանշել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները, հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը:
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, և կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 18-ին «Հետք»-ին հաստատել էր տեղեկությունը, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։
Հուլիսի 22-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն Armenia Today-ին մեկնաբանել էր որոշումը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ Դեսպանատնից տեղեկացրել էին, որ քաղաքացիական խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում։