Երջանիկ եմ ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար, հայաստանյան հանդիսատեսին ուղղված իր ուղերձում ասել է աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն։ Նա Երևանում հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգ կունենա։
Նվագախմբից հայտնել են, որ համերգը տեղի կունենա Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում, ժամը 19։00-ին։
‹‹Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում››,- նշել է Դոմինգոն:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Թոփչյանը նշել է, որ նման մեծության աստղի մասնակցությունը Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային երաժշտական հանրության համար:
Սա Դոմինգոյի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես էր եկել 2010թ. դեկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Դոմինգոյի առաջիկա համերգի մասին հայտնի էր դարձել հուլիսին։