Իրանը հարվածելու է Իսրայելի ողջ էներգետիկ ենթակառուցվածքին, եթե նա հարձակվի Իսլամական Հանրապետության վրա, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ ծովակալ Ալի Ֆադավին, մտեղեկացնում է Mehr գործակալությունը։
«Հարձակման դեպքում կհարվածենք նրանց էներգիայի բոլոր աղբյուրներին՝ նավթավերամշակող գործարաններին և գազի հանքերին»,- ասել է նա:
Ֆադավին ընդգծել է, որ Իրանը մեծ երկիր է՝ բազմաթիվ տնտեսական կենտրոններով, մինչդեռ Իսրայելն ունի ընդամենը երեք էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարան, որոնց Թեհրանը կարող է միաժամանակ թիրախավորել։
Սեպտեմբերի 28-ին Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել էր «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանության մասին։
Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։