ՀՀ-ում Իրանի 26-ամյա քաղաքացու ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա հոր ընկերոջը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ դեպքը տեղի է ունեցել 2022թ. հունվարի 19-ին։ ՀՀ-ում ուսում ստանալու նպատակով աղջիկը բնակվում էր Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքում, որտեղ էլ հայտնաբերվել է՝ կախված վիճակում։
Վերջինիս հոր ընկերը՝ 49-ամյա ԻԻՀ քաղաքացին, ով աշխատել է որպես ավտոբուսի վարորդ Երևան-Թեհրան երթուղով, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ընկերոջ ընտանիքի հետ՝ 26-ամյա աղջկան, այլ հյուրերի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 23-ին հրավիրել է իր ծննդյան տարեդարձին, որն անցկացվել է Երևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում և նրա նկատմամբ բռնություն է կիրառել։
«Խնջույքից հետո 49-ամյա տղամարդու առաջարկով վերջինս և աղջիկն այցելել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցում գտնվող բնակելի շենքի բնակարան, որտեղ 49-ամյա տղամարդը, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
26-ամյա աղջիկը, չհամակերպվելով կատարվածի հետ, գտնվելով սթրեսային ծանր հոգեվիճակում, 2022 թվականի հունվարի 19-ին իր բնակության վայրում ինքնասպանություն է գործել: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ)։
ՔԿ-ն հայտնում է, որ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Արցախի հայաթափումից հետո մոտ կես տարի Ստեփանակերտում մնալուց հետո ՀՀ տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել...