Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին:
«Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Թրյուդոն ողջունել է այս նախագիծն ու ընդգծել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունից հայտնում են, որ Կանադայի վարչապետը կարևորել է Հայաստանում դեսպանության բացումը, ինչը կողմերին համագործակցության լայն հնարավորություններ է տալիս: Փաշինյանը համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և կարևոր է համարել Կանադայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին։ Նա հույս է հայտնել, որ այդ քաղաքական աջակցությունը կփոխակերպվի տնտեսական համագործակցության զարգացման:
Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։