Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 5-օրյա նիստերի առանցքում էր Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը։ Այդ թեմայով հիմնական զեկուցողը նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենն էր։
Իռլանդիան ներայացնող Փոլ Գավանը խոսել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի և ժողովրդավարության վատթարացման մասին, պատգամավորը մտահոգություն է հայտնել նաև Բաքվի ռազմատենչ կեցվածքի վերաբերյալ՝ շեշտելով, որ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է հարևան Հայաստանին։
Բաքվին աջակցող ելույթներ են հնչել միայն Թուրքիայի և Սերբիայի կողմից։
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մասին ընթացիկ քննարկում էր տեղի ունեցել, որը չէր ենթադրում համապատասխան բանաձևի ընդունում և դա պայմանավորված է նաև նրանով, որ Ադրբեջանի հետ կապված արդեն ընդունվել են մի շարք բանաձևեր։
Առանցքային ուղղությունների շրջանակում էր նաև Արցախի էթնիկ զտման, պատմամշակութային արժեքների ոչնչացման և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։
«Գրեթե բոլոր զեկուցողներն անդրադարձել են այն հարցերին, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Լեռնային Ղարաբաղից Հայաստան ներգաղթած անձանց, նրանց իրավունքներին»,- նշել է Վարդանյանը։
Վեհաժողովականները նաև մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի և օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ:
2024-ի հունվարի 22-ին ԵԽԽՎ-ում հայտարարել էին, որ վիճարկել են Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, նման որոշման պատճառ էր դարձել Բաքվի կողմից կազմակերպության շրջանակում ունեցած պարտավորությունները չկատարելը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած խորհրդարանականներին Բաքուն Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակում էր ընդգրկել։